Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Վրեժիկի Փարամազյանը և ևս երկու փոխկապակցված
անձ՝ հայրը՝ Վրեժիկ Վոլոդիայի Փարամազյանը, ու Լիլիթ Մաքսիմի Դավթյանը՝ Փարամազյանի
կինը, հունիսի 21-ին կանչվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի
բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին
civic.am-ը տեղեկացավ azdarar.am հարթակից։ Հիշյալ անձանց ուղղված ծանուցագրերում նշված է, որ նրանց պատկանող
գույքերի առնչությամբ կատարվել է ուսումնասիրություն, արդյունքում կազմվել են ամփոփագրեր։
Նշենք, որ Փարամազյանը 2016 թ. նոյեմբերի 18-ից ստանձնել է Քաջարանի քաղաքապետի պաշտոնը: Համայնքի
խոշորացումից հետո՝ 2017 թ.-ի նոյեմբերի 5-ին ընտրվել է արդեն Քաջարան խոշորացված համայնքի
ղեկավար։ 2022 թ.-ի սեպտեմբերի 25-ին իր առաջնորդած՝ «Դեպի միասնություն» դաշինքով
մասնակցել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններին
և վերընտրվել Քաջարան համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի կենսագրական տեղեկանքում նշված
է, որ նա 1994-1995թթ. աշխատել է Սյունիքի արդյունաբերական հսկայի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքաքարի
ջարդման և տեղափոխման արտադրամասում՝ որպես
փոխարկիչի մեքենավար: 2002-2003թթ. եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ:
2003-2008թթ. աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ,
2008-2016թթ.՝ գլխավոր մասնագետ-իրավաբան՝ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանով:
Նշենք, որ Մանվել Փարամազյանի նկատմամբ քրեական հետապնդում է
իրականացվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների
օժանդակությամբ Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափի գույքի յուրացում կատարելու
համար: Այս գործով մեղադրանք է առաջադրվել
ևս 6 անձի։
Քրեական մեկ այլ գործով էլ Մանվել Փարամազյանին մեղադրանք է
առաջադրվել այն բանի համար, որ նա հորը՝ Վրեժիկ Փարամազյանին, հարվածելու համար Շավարշ
Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել
է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի
առևանգումը: Փարամազյանը, հիշեցնենք, որին դատարանը կալանքի սանկցիա էր տվել, ազատ է արձակվել գրավի դիմաց։ Նա, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմած,
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր, սակայն
երկու տարի առաջ իր դիմումի համաձայն հեռացել է կուսակցությունից։